Ինդոնեզիայի մայրաքաղաք եւ նրա ամենամեծ մեգապոլիս Ջակարտան մինչեւ 2050 թվականը կարող է ջրի տակ անցնել։ Այս մասին գրում է Phys.org-ը՝ հղում անելով Հետազոտությունների եւ նորարարությունների ազգային գործակալությանը։
Փորձագետների կարծիքով, եթե գլոբալ տաքացման հետեւանքները նվազեցնելու համար անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա մինչեւ դարի կեսերը քաղաքի առնվազն 25%-ը ջրի տակ կանցնի։
Ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է մոլորակի երեք սառցադաշտային շրջանների՝ Անտարկտիդայի, Գրենլանդիայի եւ Հիմալայների հալեցմանը։ Սա աստիճանաբար բարձրացնում է համաշխարհային օվկիանոսի մակարդակը եւ վտանգում Երկրի ափամերձ շրջանները։ Կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած սաստիկ ցիկլոններն ու մակընթացությունները, ինչպես նաեւ հորդառատ անձրեւները, ավելի են սրում իրավիճակը։
«Այս խնդիրները լուծելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ»,- ասվում է հոդվածում։
Բոգորի գյուղատնտեսական համալսարանի (IPB University) վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ 2019-2020 թվականներին Ջակարտայի տարբեր հատվածներ 1,8-10,7 սանտիմետրով ջրի տակ անցնելու վտանգի տակ են եղել: Այս երեւույթի պատճառներից մեկը քաղաքի բնակիչների կողմից ստորերկրյա ջրերի զանգվածային օգտագործումն է։ Սա երկրի մայրաքաղաքի տակ դատարկ տարածքներ է ստեղծում եւ նպաստում է հողերի նստեցմանը: Միեւնույն ժամանակ, համաշխարհային օվկիանոսի մակարդակն աճում է՝ այժմ այն 13-20 սանտիմետրով ավելի բարձր է, քան 1900 թվականին։
Հոդվածում նշվում է, որ նույնիսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսին խորհուրդ է տվել Ինդոնեզիայի մայրաքաղաքը տասը տարվա ընթացքում տեղափոխել այլ վայր, քանի որ Ջակարտան կարող է խորտակվել կլիմայի փոփոխության պատճառով։
Գիտնականները բազմիցս նշել են Երկրի վրա գլոբալ տաքացումը մեղմելու անհրաժեշտությունը: Դրա համար ավելի քան 190 երկրներ ստորագրել են Փարիզի համաձայնագիրը, որը նախատեսում է մոլորակի ջերմաստիճանը պահել մեկուկես-երկու աստիճանի սահմաններում։ Համաձայն այս ծրագրի՝ պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն կլիմայի փոփոխությանը հարմարվելու, արտանետումները նվազեցնելու եւ էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու համար։