Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին, սպառնալիքներ հնչեցրել և խոսել այսպես կոչված' «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին:
«Վաղ թե ուշ Հայաստանը կհասկանա, որ տարածքային պահանջները ոչ մի երկրին օգուտ կամ պատիվ չեն բերում։ Հուսով եմ, որ Հայաստանը կհրաժարվի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ իր տարածքային հավակնություններից, իսկ եթե ոչ, ապա ավելի կվատթարացնի իր դրությունը»,- ասել է Ալիևը՝ ուրբաթ օրը Ստամբուլում ելույթ ունենալով Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովում։
Ինչպես հաղորդում է Interfax-Azerbaijan-ը, պետության ղեկավարն ասել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է թյուրքական աշխարհի հզորացման համար։
Ալիևը հայտարարել է, թե իբր 20-րդ դարի 20-ականներին խորհրդային ղեկավարության որոշմամբ «Ադրբեջանը փաստացի մասնատվել է, և ադրբեջանական տարածքի մի մասը փոխանցվել է Հայաստանին»։
«Այսպիսով, թյուրքական աշխարհը մասնատվեց, և այսօր մենք կրկին միավորում ենք թյուրքական աշխարհի աշխարհագրությունը լոգիստիկ նախագծերի միջոցով»,- ասել է Ալիևը։
Միաժամանակ նա նշել է, որ տարածաշրջանային մակարդակով ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը նշանակում է կապի և նյութատեխնիկական ապահովման զարգացում, և այս տեսանկյունից կարևոր է «Զանգեզուրի միջանցքի» բացումը։
«Սա (Զանգեզուրի միջանցքի գործարկումը) շատ լայն հնարավորություններ կբացի ողջ տարածաշրջանի համար։ Այս միջանցքը լավ ներուժ ունի, այն կապելու է թյուրքական աշխարհի բոլոր երկրներին, մեզ կապելու է Եվրոպայի հետ։ Սա շատ կարևոր նախագիծ է»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։