Նիկոլ Փաշինյանը դադարել է հանրությանը ներկայացնել իր 100 փաստերը նոր Հայաստանի մասին: Դժվար է ասել պատճառը, սակայն, պարզից էլ պարզ է, որ ներկայացնելու առանձնապես ոչինչ այս կառավարությունը չունի: Ավելին՝ նախկինում ներկայացրած փաստերի մեծ մասն այսօր այլևս ակտուալ չեն և գրվել են սառույցին:
Դիցուք՝ Փաշինյանը ներկայացնում էր, որ 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։ Մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12 տոկոսով' 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12.1 տոկոս կշռով' դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: Այսօր ՀՀ տնտեսությունը այն աստիճան է գահավիժել, որ հունվարի 1-ից ՀՀ-ն այլևս չի օգտվելու ԵՄ արտոնյալ առևտրի ռեժիմից:
Փաշինյանը նաև հայտարարում էր՝ 2019 թվականին դիզելային վառելիքի շուկայում գրանցվել է զգալի փոփոխություն. մասնավորապես, դիզելային վառելիք ներկրողների թիվն ավելացել է 11-ով՝ 6-ից դառնալով 17, իսկ խոշոր ներկրող ընկերությունների մասնաբաժինը կրճատվել է 5 տոկոսով՝ 97-ից դառնալով 92 տոկոս։ Մրցակցության ավելացումը, մի կողմից, և վառելիքի գների համաշխարհային միտումները' մյուս կողմից, իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանում նավթամթերքի գների նվազման վրա: 2018 թվականի մայիսի դրությամբ դիզելային վառելիքի գինը եղել է 470 դրամ, իսկ 2020 թվականի մայիսին՝ 300 դրամ։ Մեկ տարվա ընթացքում մոտ 38 տոկոսով նվազել է նաև բենզինի գինը՝ 420 դրամից նվազելով մինչև 280 դրամ։ Այսօր բենզինի գները ռեկորդներ են խփում, իսկ ՏՄՊՊՀ-ն լվացել է ձեռքերը:
«Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած ամենամյա «Ժողովրդավարություն 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է ժողովրդավարության ոլորտում ամենախոշոր առաջընթաց արձանագրած 4 երկրների շարքում։ Այս տարի սակայն մի շարք հեղինակավոր միջազգային կառույցներ իջեցրել են ՀՀ ժողովրդավարության ինդեքսը՝ ակնհայտ նահանջ արձանագրելով ժողովրդավարության հարցում:
«Freedom House»-ի «Ազատությունն աշխարհում 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 2 միավորով բարելավել է իր ցուցանիշը և, ստանալով 53 միավոր, շարունակել է մնալ «մասամբ ազատ» երկրների շարքում։ Այս տարի նույն կառույցը անխնա քննադատեց իշխանությունների կողմից ընդունված՝ պաշտոնյաների վիրավորանքը քրեականացնող օրենքը և դրա կիրառումը:
Վերջին ամիսների ընթացքում դադարեցվել է թվով 11 ընդերքօգտագործման իրավունք, որից 4-ը՝ 4 մետաղական հանքի շահագործման իրավունք։ Այսօր կառավարությունը մեսիջներ է ուղարկում հանրությանը, որ մոտ ապագայում կվերագործարկվի Ամուլսարի հանքը:
2019 թվականին ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակում Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվել են 8 խորքային հորի լուծարման և 43-ի կոնսերվացման աշխատանքներ։ Դեռ երբեք ջրաօգտագործողները չէին կանգնել այնպիսի ճգնաժամի առաջ, ինչպիսին ի հայտ եկավ այս տարի:
Ազգային ժողովը հաստատել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որով նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում, եթե դրա արժեքը գերազանցում է 50 մլն դրամը: Մինչ օրս այս մասով ընդամենը երկու քրեական գործ է հարուցվել:
Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկն անչափահասին վստահելու համար: Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ: Այս տարի բազմաթիվ դրվագներ են արձանագրվել՝ քաղաքացիներին հայհոյելուց, ծեծելուց մինչև դիմակ կրելու կոչերի անտեսում հենց Փաշինյանի թիմակիցների կողմից, սակայն, օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակն այլևս չի գործում:
Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանի 100 փաստերը սահուն կերպով վերածվում են բաժակաճառի, քանի որ կարճ ժամանակ անց Հայաստանում առկա է մի իրականություն, որը 100 տոկոսով 100 հրամցված փաստերի հակառակ պատկերն է արտացոլում...