Այսօր կառավարությունը 462,25 միլիոն դրամ հատկացրեց ՀՀ 4 մարզերի 4 համայնքներում 4 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով' համայնքներն այդ ծրագրերով իրենց մասնաբաժինը ներդրել են, եւ հիմա պետական մասնաբաժնի իրականացման հերթն է:
Գնել Սանոսյանի ներկայացմամբ' Շիրակի մարզում իրականացվելիքը վերաբերում է Գյումրի քաղաքին. «Գյումրիում ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս, որպեսզի ներքաղաքային ամբողջ ավտոբուսային պարկը թարմացնենք: Ծրագրի 50 տոկոսը վճարում է Գյումրիի համայնքապետարանը, մյուս 50 տոկոսը՝ կառավարությունը»:
Ստացվում է՝ Գյումրիում քաղաքային իշխանության դե յուրե մի մասը, իսկ դե ֆակտո ողջ իշխանությունը վերցնելուց հետո հանկարծ հիշեցին, որ Գյումրիում բազմաթիվ խնդիրներ կան և դրանցից թերևս խոշորագույնը հենց տրանսպորտային ցանցի խնդիրն է: Սա լավագույն կերպով ի ցույց է դնում իշխանությունների վերաբերմունքն այն քաղաքի հանդեպ, որտեղից քայլելով սկսել են իրականացնել իրենց հեղափոխությունը: Հիշեցնենք, որ նախորդ գրեթե չորս տարիների ընթացքում Գյումրին մշտապես դուրս է մնացել այս իշխանությունների ուշադրությունից: Ստացվում է' որտեղ ՔՊ-ականները իշխանության գլուխ չեն' այդ տարածքների և այդտեղ ապրող ՀՀ քաղաքացիների խնդիրները նրանց որևէ կերպ չեն վերաբերվում...