ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանական վերջին հարձակումներից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է գերեվարված ՀՀ զինծառայողների վերաբերյալ տեսանյութերի ուսումնասիրություն, ադրբեջաներենից թարգմանություն ու նույնականացում։

Այս պահին խոսքը 21 տեսանյութի և 6 լուսանկարի մասին է:

Մենք կապի մեջ ենք գերության մեջ գտնվող ՀՀ զինծառայողների ընտանիքների հետ։

Այս աշխատանքներից հետո նշված նյութերը՝ որպես հավաստի ապացույցներ, պատշաճ կհետազոտվեն և կփոխանցվեն ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան կառույցներին՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձին հարցում օգտագործելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ զինծառայողի կամ քաղաքացիական անձի գերության մեջ լինելու փաստը պետք է արձանագրել այն պահից, երբ, օրինակ, տեսանյութով պարզվում է, որ նա ադրբեջանական զինված ուժերի կամ իշխանությունների վերահսկողության ներքո է:

Այս դեպքում չհաստատելը նրանց չի ազատում պատասխանատվությունից: Նախկինում բազմաթիվ են եղել են դեպքերը, երբ տեսանյութերով հաստատվել է գերության փաստը, բայց ադրբեջանական իշխանությունները դա չեն հաստատել»: