«Մենք չենք ասում այդ փաստաթուղթը, որը որ ուզում եք ստորագրել բերեք հանրայնացրեք: Իշխանությունը ասում է՝ կա փաստաթուղթ, որը սեղանին դրված է և մենք պատրաստ ենք ստորագրել այն: Դա ի՞նչ փաստաթուղթ է». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, «Ազատագրական շարժման» հավաքի ժամանակ ասաց քաղաքագետ Վազգեն Պետրոսյանը, որը ևս միացել է Ազատագրական շարժմանը:

«Եթե խոսքը սահմանազատման և սահմանագծման մասին է՝ ո՞րն է հիմքը։ Ադրբեջանի հանրապետությունը ընդունում է, որ շարժվում է 1918 թվականի քարտեզներով։ Այդ ժամանակ, ոչ Նախիջևանը, ոչ Արցախը չի եղել Ադրբեջանի տարածքում։ Երբ ՀՀ կառավարության ղեկավարը հայկական գյուղերին տալիս է ադրբեջանական անուն և նահանջում է մեր զորքը իր հրամանով, մենք տալիս ենք զոհեր։ Խոսքն այն մասին է, որ երկրի սահմանները վտանգի է մատնված, տնտեսությունը չի աշխատում, որ քաղաքական ղեկավարությունը իր տեղում չէ»,- նշեց Պետրոսյանը:

 
 

Քաղաքագետը բարձրաձայնեց այն քաղաքացիների պահանջը, որոնք ուզում են նորմալ ապրել.

«Մենք ուզում ենք ունենալ նորմալ երկիր, որտեղ ապահովված կլինի թե՛ մարդկանց անվտանգությունը, թե՛ սահմանների անվտանգությունը, կաշխատի նաև տնտեսությունը։ Էլի նորից թուրքը պետք է գա կեսգիշերին Գուրգեն Մարգարյանի նման մեր զինվորին կացնով գլխատի Եվրոպայի կենտրոնո՞ւմ, է՞դ եք ուզում, դեռ չե՞ք հասկացել, թե թուրքը ով է։ Ովքեր ասում են խուճապ եք տարածում՝ եղե՞լ են Գորիս-Կապան, Սիսիան-Երևան ճանապարհին։ Ինչի՞ց են տեղյակ՝ իրենց սենյակների չորս պատերի՞ց։ Թող չխոսեն, պատգամավորի գործն է ծանոթանալ ժողովրդի խնդիրներով, ոչ թե բարբաջել»,- հավելեց քաղաքագետը։