Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ Pfizer պատվաստանյութի երկու չափաբաժինների արդյունավետությունը կազմում է 22,5 տոկոս, ասված է Հարավաֆրիկյան Հանրապետության գիտնականների հետազոտության մեջ:
Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Pfizer ընկերությունը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երեք դեղաչափերը չեզոքացնում են «օմիկրոն» շտամը, իսկ պատվաստանյութի երկու դեղաչափերը կարող են բավարար չլինել դրանից պաշտպանվելու համար:
«Ըստ գնահատականների՝ այն («օմիկրոնի» չեզոքացման մակարդակը) համապատասխանում է ախտանշաններով վարակի դեմ պատվաստանյութի 22,5 տոկոս արդյունավետության մակարդակին, ինչի պատճառով ... հարցականի տակ է դրվում պատվաստանյութի՝ վարակից պաշտպանելու ունակությունը», - նշվում է բժշկության բնագավառում գիտական հոդվածների նախահրապարակման MedRxiv պորտալում հրապարակված տեքստում։
Սակայն, հետազոտողների կարծիքով, պատվաստանյութը կարող է պաշտպանել հիվանդության ծանր ընթացքից։ Հետազոտությանը մասնակցել են Հարավաֆրիկյան Հանրապետության Առողջապահության աֆրիկյան հետազոտական ինստիտուտի և երկրի այլ հաստատությունների գիտնականները: Նրանք ուսումնասիրել են 12 մարդու արյան պլազմայի նմուշները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտահերթ նիստի արդյունքներով որոշում է կայացրել ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը դասակարգել որպես անհանգստություն առաջացնող: Նոր B. 1. 1. 529 շտամն ԱՀԿ-ն հունական «օմիկրոն» տառով է անվանել։