Առողջապահության նախարարությունը հերթական ավետիսն է այսօր հնչեցրել: Պարզվում է' նախարարությունում քննարկվում է փետրվարի 1-ից կորոնավիրուսային հիվանդության բուժումը չպատվաստվածների համար վճարովի դարձնելու հարցը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։ Կորոնավիրուսից բուժման ծախսը տատանվում է՝ կախված հիվանդության ընթացքի ծանրությունից, բայց նախնական հաշվարկով այն չպատվաստված քաղաքացիների համար կարող է արժենալ միջինը 800 հազար դրամ:
Այսինքն, ըստ Անահիտ Ավանեսյանի, միջին վիճակագրական քաղաքացին ունի այդքան գումար, որպեսզի հիվանդանալու պարագայում բուժվի իր գրպանի հաշվին: Դեռ մի կողմ դնենք այն հանգամանքը, որ քաղաքացին վարակվելու է առավելապես հենց պատկան մարմինների անգործության հետևանքով: Դիցուք՝ ի՞նչ անի քաղաքացին, եթե աշխատանքից վերադառնալիս ստիպված է նստել, ավելի ճիշտ կլինի ասել՝ խցկվել լեփ-լեցուն երթուղայինը: Եվ եթե պատկան մարմինների ապաշնորհության արդյունքում քաղաքացին վարակվի՝ բուժվելու է իր գրպանի հաշվին: Սա է Անահիտ Ավանեսյանի համար համավարակի տարածումը կանխելու միակ միջոցը:
Իրավաբան նախարարը, ըստ էության, իրեն վեր է դասում երկրի Սահմանադրությունից և կառավարության որոշումներից: Կյանքի և աոռղջության պահպանման իրավունքն ամրագրված է սահմանադրությամբ;
ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք»:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք»:
«Բժշկական օգնություն և սպասարկում» հասկացության բովանդակությունը բացահայտվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ըստ որի՝ «Բժշկական օգնություն և սպասարկում» հասկացությունը ներառում է բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերումը, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացումը, հարբժշկական և ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցումը»։
Ըստ էության, պետությունը հրաժարվում է իր ստանձնած պարտավորություններից, գործադիրի անդամն էլ իրեն վեր է դասում Մայր օրենքից: Հասկանալի է չէ՞, որ եթե քաղաքացին հիվանդանում է և նրա կյանքին անմիջական վտանգ է սպառնում, բայց նա չունի բուժման համար անհրաժեշտ գումարը, նշանակում է' այդ քաղաքացին մնալու է առանց բուժման՝ դրանից բխող ամենասարսափելի հետևանքներով: Իսկ եթե գտնվեն բժիշկներ, ովքեր, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, ամեն դեպքում անվճար կյանքեր կփրկեն՝ նրանց կազատեն աշխատանքից. դա լավագույն դեպքում, կարող են նաև ձերբակալել չափից դուրս հումանիստ լինելու համար: Նախադեպեր եղել են: