shamshyan.com Կան պատգամավորների տեսակներ, ովքեր իրենց վեր են դասում օրենքից, որոնց կատարած անօրինականությունների մասին բազմիցս նյութեր են հրապարակվել, իսկ նրանք «կարմիր կովի» նման իրենց կաշին չեն փոխում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 26-ին Երևանի Ալեք Մանուկյան փողոցում՝ ԵՊՀ-ի դիմաց, ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին սպասարկող Lexus 05 ND 500 և Toyota Prado 05 ՍՕ 500 համարանիշի ավտոմեքենաները, չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, 30 րոպեից ավելի ավտոմեքենաները կայանել էին 2-րդ շարքում, ինչը լուրջ խոչընդոտ էր հանդիսանում մյուս տրանսպորտային միջոցների տեղաշարժին՝ ծանրաբեռնված այդ փողոցում:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ պահին ԵՊՀ ժամանեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Միասնական քննչական հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանը, ԿԳՆ և Արդարադատության նախարարները: Վերջիններիս ծառայողական ավտոմեքենաների վարորդները երթևեկության կանոնների խախտումներ թույլ չտվեցին, մինչդեռ «Դերժավայի Արկադ» մականունը ստացած Ա. Համբարձումյանի Lexus ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էին ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները:

 

Իսկ երկար ժամանակ անց ժամանեց իրեն «ձուկը ջրում» զգացող մեծն պատգամավորը, նստեց Lexus-ն ու առանց ամրագոտին կապելու՝ հեռացավ, հետևից էլ՝ Prado-ն: Ի դեպ՝ Հանրապետության նախագահը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի ավտոմեքենաներով միմյանց ուղեկցելը, իսկ ՃՈ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից, օրինախախտ վարորդներն ու նրանց տերերը կենթարկվեն վարչական պատասխանատվության: