«Առաջացել էր իսկապես ճգնաժամ ավագանու և քաղաքապետի ինստիտուտների միջև։ Շատ եմ ուզում, որ այսօր անձնավորված որևէ ելույթներ չունենք, որովհետև Հայկ Մարության անձի նկատմամբ որևէ հակակրանք չկա։ Որևէ անձնային խնդիր չկա, զուտ ինստիտուտների բախում է տեղի ունեցել». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ շնորհակալություն հայտնելով  քաղաքապետ Հայկ Մարությանին՝ երեք տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար։

Չնայած մամուլում և հրապարակային ելույթներում նշվում էր, որ Մարությանի՝ կուսակցությունից դուրս գալն է պատճառ դարձել անվստահության պրոցեսի համար, Գալջյանը վստահեցրեց, որ դա միայն առիթ է հանդիսացել, որպեսզի այս ճգնաժամը սկսվի։

 
 

«Մեկ տարի այդ պայմաններում աշխատում ենք և այդ աշխատանքը դժվար է ստացվում։ Այստեղ ամենակարևորն այն է, որ այդ պատճառով ստեղծված իրավիճակը մեզ թույլ չի տա առաջիկա երկու տարիներին արդյունավետ աշխատել և ծառայել Երևանին»։

Քաղաքապետի թեկնածու են առաջադրել Հրաչյա Սարգսյանին՝ քաղաքապետի առաջին տեղակալին, որը ՔՊ անդամ չէ։ Ըստ Գալջյանի՝ այստեղ կուսակցական խնդիր չի լուծվում, քաղաքի արդյունավետ կառավարման հարցն է լուծվում։

Խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ արտահերթ ընտրությունների գնալու երկու ճանապարհ ունեն։ Առաջինը՝ երբ, որ քաղաքապետը հրաժարական է ներկայացնում և ավագանին նոր քաղաքապետ չի ընտրում, երկրորդ սցենարն այն է՝ որ ավագանին երեք ամիս շարունակ նիստ չհրավիրի, սակայն դա կլինի ի վնաս քաղաքի։

«Եթե այսօրվա ճգնաժամը կարելի է լուծել ավագանու նիստում, ավելորդ ցնցումների չենթարկենք մայրաքաղաքը»։

 

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 17-ին «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։