Երևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախ լեգիտիմության խնդիր ունի, այն պետք է լուծի, նոր հետո անցնի Երևանի կառավարմանը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից վերջերս դուրս եկած ավագանու անկախ անդամ Վահե Գևորգյանը:

Նա նշեց, որ փոփոխությունները չեն ավարտվի միայն նոր քաղաքապետ ունենալով, կլինեն նաև նոր տեղակալներ, քաղաքապետարանի որոշ պաշտոնյաներ, վարչության պետեր. «Այնպես չէ, որ նրանց համար ամեն ինչ հարթ կանցնի և մեկ օրվա ընթացքում կընտելանան աշխատելաոճին: Նրանց ժամանակ է հարկավոր իրենց աշխատանքը քաղաքապետարանում հասկանալու համար, որը կտևի տարի կամ տարուց ավելի, իսկ այդ ժամանակահատվածում արդեն ամեն ինչ ավարտված է լինելու»,- ընդգծեց ավագանու անդամը:

 
 

Մեր այն դիտարկմանը, թե ինչ նկատի ուներ, որ 1 տարի հետո ամեն ինչ ավարտված կլինի, արդյոք այն կարծիքին է՝ Հրաչյա Սարգսյանը երկար չի մնալու քաղաքապետի պաշտոնին, նա ասաց, որ միայն նշում է, թե ինչ իրավիճակում է հայտնվել ներկայիս քաղաքապետը. «Ես շատ ուրախ կլինեմ, որ թեկուզ Հրաչյա Սարգսյանին ամեն ինչ հաջողվի՝ ի շահ Երևանի»,- նշեց նա:

Անդրադառնալով իր՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալուն, ասաց, որ պատճառը վերջին ժամանակահատվածում տեղի ունեցածն էր. «Տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո՝ Հայկ Մարությանի հետ կապված, այդ խմբակցության հետ սկզբունքային խզում առաջացավ և որոշեցի դուրս գալ»,- պարզաբանեց Վահե Գևորգյանը:

Հարցին, արդյոք մանդատը վայր դնելու է, ասաց՝ դեռ ոչ, բայց չի բացառում, մտորումների մեջ է:

Հիշեցնենք, որ արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացից հետո մի շարք Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ դուրս են եկել խմբակցությունից՝ վայր դնելով իրենց մանդատները:

 

Զվարթ Պետրոսյան