ՀՀ գլխավոր դատախազության 2021թ. աշխատանքի ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է 2016-2020թթ. ընթացքում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի օտարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Արդյունքում' պարզվել է, որ վարչության պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում եղել են կոռուպցիոն չարաշահումներ, պետական գույքն էլ վաճառվել է շուկայականից ցածր գնով, արդյունքում պետությանը մոտ 1 միլիարդ դրամի վնաս է հասցվել:
Ուշագրավն այստեղ տարեթվերն են: Բանն այն է, որ 2018-2020 թվականներին կոմիտեն ղեկավարել են ՔՊ-ականները՝ Նարեկ Բաբայանը, իսկ նրանից հետո և մինչ օրս Գարիկ Սարգսյանը: Որևէ կերպ չենք ցանկանում նշել, որ այս պաշտոնյաներն անձամբ են մասնակցել նշված կոռուպցիոն գործարքներին, չնայած հասկանալի է, որ վերջիններս առնվազն պետք է ծանոթ լինեին գույքի օտարման և մրցույթների կազմակերպման վերաբերյալ փաստաթղթերին: Սակայն, ակնհայտ է, որ 2018-2020 թվականներին կառույցում, ըստ դատախազության, եղել են կոռուպցիոն չարաշահումներ, և կառույցի ղեկավարներն առնվանզ մեղավոր են դրանք ժամանակին չնկատելու և ինչպես ասում են՝ դեմը չառնելու համար:
Նիկոլ Փաշինյանը հաճախ է կրկնում, որ այն պաշտոնյաները, ովքեր իրենց ղեկավարած կառույցներում բավարար չափով պայքար չեն մղում կոռուպցիայի դեմ, պետք է պատժվեն: Որքանով է դա վերաբերվում այն պաշտոնյաներին, ում կառավարման ընթացքում, ըստ դատախազության, եղել են կոռուպցիոն չարաշահումներ, անգամ եթե վերջիններս որևէ աղերս չունեն դրանց հետ. ի վերջո այդ չարաշահումները կատարել են նրանց ենթակաները, հետևաբար բավարար չափով պայքար կոռուպցիայի դեմ չի մղվել: Կպատվժե՞ն արդյոք Փաշինյանի թիմակիցները, որոնցից մեկը՝ Գարիկ Սարգսյանը, դեռևս կոմիտեի նախագահի պաշտոնին է, թե ոչ: Ի դեպ, ինչ վերաբերվում է Սարգսյանին, ապա չի բացառվում, որ Վեդիում ընթացող հետընտրական զարգացումների ֆոնին սա ևս մեկ փորձ է ճնշում գործադրել ՔՊ-ի թեկնածուի վրա, որպեսզի վերջինս ավելի ջանասիրաբար պայքարի քվեների համար...