Ճապոնական Nobelpharma դեղագործական ընկերությունը 2023 թվականին կարող է սկսել կորոնավիրուսային պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որը կարող է ողջ կյանքի ընթացքում իմունիտետ ապահովել COVID-19 հարուցչի նկատմամբ, գրում է Japan Times-ը։

Դեղամիջոցի վրա աշխատում են Տոկիոյի բժշկական գիտությունների ինստիտուտի մի խումբ գիտնականներ՝ պրոֆեսոր Միչինորի Կոհարայի ղեկավարությամբ։ Նրանք հիմք են ընդունել ջրծաղիկի դեմ պատվաստանյութը, որը մշակվել է 18-րդ դարում Մեծ Բրիտանիայում և օգտագործվել Ճապոնիայում մինչև 1976 թվականը։

Մկների վրա կատարված փորձերի ժամանակ նրանք օգտագործել են թռչնագրիպի բարձր ախտածինության գենը: Արդյունքները ցույց են տվել, որ 20 ամիս անց պատվաստվածներն ունեցել են հակամարմինների բարձր մակարդակ, որոնք կարողացել են գոյատևել նաև վիրուսի ներմուծումից հետո։ Միաժամանակ, սատկել են բոլոր չպատվաստված մկները։ Հոդվածում նշվում է, որ 20 ամիսը կրծողների մոտավոր միջին կյանքի տևողությունն է։

«Այս պատվաստանյութի առանձնահատկությունները ցույց են տվել, որ այն կարող է խթանել հակամարմինների արտադրությունը և ապահովել ցմահ իմունիտետ: Մեկ դոզան արդյունավետ է ավելի քան 20 ամիս, ոչ մի այլ պատվաստանյութ նման ազդեցություն չունի», - ասել է Կոհարան թերթին: