Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը չի մեկնաբանում Ադրբեջանից վերադարձած գերիների ձերբակալությունը։

Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում նրանից փորձեցին ճշտել, թե ինչ է մտածում այդ առնչությամբ, ինչին նախարարը պատասխանեց․ «Ձեր հարցերում այնպիսի նրբերանգներ կան, որ ավելի լավ է հարցն ուղղեք վարչապետի աշխատակազմին»։ Միաժամանակ նա ընդգծեց, որ գերիների հարցը շատ կարեւոր է, եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ողջ կառավարությունն աշխատում է դրա լուծման ուղղությամբ։ Սա ցավալի հարց է, որի մասին մենք չենք մոռանում, նշեց Անդրեասյանը։

Նա չցանկացավ պատասխանել նաեւ գերիների ձերբակալության մասին հարցին՝ հղում անելով այն հանգամանքին, որ դա կարող է դիտվել որպես միջամտություն իրավապահ մարմինների աշխատանքին։