Ադրբեջանական կողմը այսօր կրակ է բացել Արցախի Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ, որի հետևանքով ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Խոսել եմ գյուղի բնակիչների հետ, բացված կրակի արդյունքում այրվել է դպրոցի հարևանությամբ կանգնած ավտոմեքենան։ Դա ադրբեջանցիներին բնորոշ ոճ է, այնպես չէ, որ միայն այսօր սկսեցին կրակել, հանգստյան օրերին ևս կրակ էին բացում, կենդանիներ էին գողանում։ Պարզապես, այսօր մեքենա պայթեց, դրա համար բոլորը խառնվեցին իրար»,- նշեց պատգամավորը։ 

Նրա խոսքով՝ բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան, վիրավորներ, տուժածներ չկան․ «Գյուղացիների մոտ խուճապ չկա։ Բայց, Աստված չանի՝ հասնեն իրենց ուզածին․ Կարմիր Շուկան բավականին զարգացած և մեծ գյուղ է»,- ասաց Հակոբյանը։ 

 
 

Ինչ վերաբերում է հարցին՝ ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ դպրոցից երեխաներին տարհանում են, նա ասաց, որ դեռ չի կարողացել ճշտել, բայց չի բացառվում, քանի որ այրված մեքենան դպրոցի հարևանությամբ է եղել։ 

Սոնա Հարությունյան