Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հունվարի 11-ին ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող' շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը' մահացու հրազենային վիրավորումով, այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։