«Շատ ծրագրավորողներ կան, որ չեն ուզում Երևանում ապրել, ուզում են ապրել մի հանգիստ գյուղում ու այնտեղից աշխատեն ամերիկյան կամ անգլիական ընկերության համար, սակայ դա հնարավոր չի լինում վատ որակի ինտերնետի պատճառով: Լավ ինտերնետը ոչ պակաս կարեւոր է, որքան լավ ճանապարհի առկայությունը». Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, կառավարության նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ առաջարկելով համայնքներում սուբվենցիոն ծրագրերում նոր ուղղություններ ավելացնելու նպատակով գերարագ ինտերնետի օպտիակամանրաթելային ցանցի կապուղի կառուցել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս դեպքում պայմանագիրը պետք է եռակողմ լինի.
«Այս ուղղության դեպքում պայմանագիրը պետք է եռակողմ լինի, քանի որ կարող է կառավարությունն ու համայնքը կառուցեն այդ ցանցը, սակայն դրանում ինտերնետ չլինի: Իմ ասածն այն է, որ ներդրում արվի, հետո պարզվի՝ դա ոչ մեկին հետաքրքիր չէ, նոր աերացիաներ չունենանք, որ ստեղծել ենք, հետո չենք հասկանում՝ էդ փողն ինչի համար ենք ծախսել: Պիտի գնանք համոզենք, խնդրենք, որ կատարված ներդրումը փրկենք»,- նշեց վարչապետը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ ասաց, որ ինտերնետի մասով պարտադիր է, որ պայմանագիրը եռակողմ լինի.
«Որովհետև այն լիցենզավորող գործունեություն է ու մասնավոր ընկերությունը, որը կլինի երրորդ կողմը, պետք է դիմի էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ստանալու համար»,- նշեց Բաղրամյանը:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ նշեց,
«Եթե ի սկզբանե ինտերնետ ծառայություն մատոցողներից միայն մեկին դարձնենք խաղի մասնակից՝ նրա հետ կնքելով պայմանագիր, պետք է պարտավորվենք, որ հենց նա է լինելու այդ ծառայություն մատուցողը, այստեղ մրցակցության գործոնը դուրս գալիս»,- ասաց ֆինանսների նախարարը: