2021 թվականի հունվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 690 զանգ:
Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 8 ելք: Արձանագրված հրդեհները ժամանակին մարվել են, բնակչությանը ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: Ոչ ոք չի տուժել:
Հունվարի 14-ին վերսկսվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներ: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք, որոնք, ցավոք, արդյունք չեն տվել: Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն։
Այսօրվա դրությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են, որոնց վերաբերյալ առաջիկա օրերին կտրամադրենք հավելյալ տեղեկություններ:
Շարունակվում են տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները, այս ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ այս շաբաթ հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 5 ռումբ:
Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 4, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 12 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 1 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի 3 կանչերի:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները: