2021 թվականի հուլիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 804 զանգ, որից 33-ը՝ սոցիալ-կենցաղային պատահարի, 18-ը՝ հրդեհների մասին:
Ստացված 18 կանչից 16-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, 1-ը աղբանոցում, 1-ը՝ տրանսպորտում: Հրշեջ փրկարարները ժամանակին արձագանքել են բոլոր կանչերին և կատարել հրդեհաշիջման աշխատանքներ: Տուժածներ չկան:
Շաբաթվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին ստացվել է 3 կանչ, որից մեկը գրանցվել է Ստեփանակերտում, մեկը Մարտունու շրջանում: Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհահատվածում: Ընդհանուր առմամբ, ՃՏՊ դեպքերից տուժել է 3 քաղաքացի, մեկը՝ մահացել է տեղում:
Սակրավորական ջոկատները գործընկեր կազմակերպությունների հետ անցած 7 օրվա ընթացքում Արցախի բոլոր շրջաններում ամենօրյա ռեժիմով իրականացրել են ինժեներահետախուզական աշխատանքներ: Վնասազերծվել է 56 պայթուցիչ, ականանետի 5 ական, 30 հրթիռ, թնդանոթի 6 արկ, կասետային 2 ռումբ:
Կենցաղային բնույթի 30 կանչ է գրանցվել: Բնակչությանը խմելու ջրով ապահովելու նպատակով կատարվել է 12 ելք: Փրկարարներն իրականացրել են դռան 4 և 2 վերելակի բացում:
Հուլիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արտակարգ 2 պատահար է տեղի ունեցել: Խնուշինակ համայնքի բնակիչը Ստեփանակերտ քաղաքի նորակառույց թաղամասի շինհրապարակում աշխատանքներ իրականացնելու ժամանակ ինքնաշեն գազազոդման սարքում առաջացել է պայթյուն, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա առողջական վիճակը ծանր է:
Հաջորդ պատահարը տեղի է ունեցել Լիսագոր-Բերձոր ճանապարահատվածում: ՀՀ Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչն իր վարած «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենայով՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարահի 59-րդ կմ-ին, մոտ 150մ խորության վրա գլորվել է ձորը: Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում վերջինիս դին փրկարարները դուրս են բերել ձորից և շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել Ստեփանակերտի «դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ:
Պատերազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում կատարել է 3 ելք: 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 24-ը՝ որոնումների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1615 աճյուն: