Հարսանիքից անմիջապես հետո զույգը ամուսնալուծության շեմին է հայտնվել՝ տոնակատարության ժամանակ փեսացուի պահվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
Հարսանիքը տեղի է ունեցել դեկտեմբերին՝ Սուրբ Ծննդի նախօրեին։ Կնոջ խոսքով՝ տոնակատարության համար իր սահմանած միակ կանոնը դեմքը տորթի մեջ թաթախելու արգելքն էր։ Հարսնացուն բացատրել է, որ ավտովթարի ենթարկվելուց հետո կլաուստրոֆոբիա ունի, և դեմքը տորթի մեջ բռնի պահելու զգացողությունն իր մոտ խուճապ է առաջացնում։ Սակայն նրա ընտրյալն անտեսել է խնդրանքը և տոնակատարության ժամանակ բռնել է կնոջ գլխից ու նրա դեմքը թաթախել տորթի մեջ։
Կնոջը զայրացրել է ամուսնու արարքը՝ նա լքել է հարսանիքը, իսկ հաջորդ օրն ասել, որ ամեն ինչ ավարտված է, և ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Ընկերներն ու հարազատները նրան խնդրել են մտածել և հապճեպ որոշումներ չընդունել։ Այնուհետև նա դիմել է համացանցի օգտատերերին, ովքեր լիովին աջակցել են նրան:
«Նա ոչ միայն չի հարգում ձեր սահմանները, այլև կարողանում է գտնել դրանք խախտելու ամենաագրեսիվ ուղիները»,- գրել է մեկնաբաններից մեկը։