ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի և առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հակամարտությունը հին է. դեռ ժամանակին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էր ուզում, որ Արա Մինասյանի փոխարեն «Գր. Լուսավորիչ» ԲԿ տնօրեն նշանակվի իր սանիկը' Նարեկ Զեյնալյանը, սակայն նախարար Թորոսյանը նշանակեց իր մարդուն: Մեկ տարի առաջ էլ Միրզոյան-Զեյնալյան դուետը հնարավորություն ունեցավ «կոնտրուդառ» հասցնել թիմակից նախարարին' Մաշկաբանության և սեռավարակաբանության կենտրոնի օրինագծով: Օրենսդիրը, ի դեմս Զեյնալյանի, թույլ չտվեց, որ կենտրոնը մասնավորեցվի և ԱԺ մեծամասնությունը հավանություն տա դրան:
Մեկ տարի առաջ Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումից Թորոսյանը դժգոհ էր մնացել, սակայն լռել էր՝ հաշվի առնելով, որ այդ որոշումը կայացվել էր վարչապետի կողմից: Դեռ ավելին, վերջինս համաձայնություն էր տվել, որպեսզի այս ամենից զատ Նարեկ Զեյնալյանը ձևավորի մի մասնագիտական քննարկման հարթակ, որը պետք է պարբերաբար հավաքվի, քննարկումներ անցկացնի և ներկայացնի պարետատուն:
Մամուլը անգամ գրում էր, որ Թորոսյանը ընտրություններից առաջ ծրագիր ուներ. նա ցանկանում էր, որպեսզի առողջապահության այն ժամանակվա նախարարի ԺՊ Ավանեսյանը խորհրդարանում զբաղեցնի ԱԺ առողջապահության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, և այս դեպքում Թորոսյանը մեկ զարկով երկու նապաստակ կխփեր. Նարեկ Զեյնալյանին կհեռացնի ճանապարհից և իր մարդը կունենա այդ հանձնաժողովում: Թե ինչու այդ ծրագիրը ձախողվեց՝ դժվար է ասել:
Նարեկ Զեյնալյանը համաձայն չէր Արսեն Թորոսյանի հետ նաև այն հարցում, որ մի քանի երկրում հակածխախոտային օրենքի նախագիծը ազդեցություն է ունեցել, ծխողների թիվը նվազել է։ Նշենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հակածխախոտային օրենքի նախագծի ժամանակ Արսեն Թորոսյանը նշել էր, որ նախագծի մշակման հիմքում դրվել էր Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և այլ երկրների՝ ծխելու դեմ պայքարի հաջող փորձը։ Նարեկ Զեյնալյանը, հակադարձելով Արսեն Թորոսյանին, հայտարարել որ, որ օրինակ՝ Վրաստանում ժամը 22։00-ից և 23։00-ից հետո բոլոր ակումբներում մարդիկ ծխում են։ «Ես անձամբ եմ ականատես եղել, այնպես չի, որ օրենքը, եթե կա, ուրեմն գործում է»,- ընդգծել էր Նարեկ Զեյնալյանը։
Զեյնալյան-Թորոսյան հարաբերությունների լարվածությունը մեկ անգամ ևս երևան եկավ այն պահին, երբ հարցազրույցներից մեկում Զեյնալյանը մատնանշեց՝ համավարակի թեժ պահին Թորոսյանի արձակուրդ գնալու աննպատակահարմարությունը: «Կարծում եմ, որ արձակուրդ գնալն այս փուլում այնքան էլ նպատակահարմար չէր, քանի դեռ վարակակիրների՝ 100-ից ավելի հաստատված դեպքեր կան, հատկապես, որ առաջիկայում վերսկսվելու են բուհերի, դպրոցների աշխատանքը և նախապատրաստական աշխատանքները վերահսկելու անհրաժեշտություն է լինելու»,-ասել էր Զեյնալյանը։
Անցել են ամիսներ, սակայն երկու ՔՊ-ականների միջև հակամարտությունը շարունակվում է: Եվ կրկին թիրախում առողջապահության նախարարի պաշտոնն է: Արսեն Թորոսյանն ամիսներ առաջ իր սորոսական արբանյակներով արշավ էր սկսել նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ, սակայն, կարճ անց հասկացել էր, որ Փաշինյանը չի աջակցելու նախարարի պաշտոնին վերդառնալու իր ծրագրերին: Եվ այստեղ է, որ կրկին պայքարի մեջ է մտել Նարեկ Զեյնալյանը, ով վերջին շրջանում տողատակերով և բացահայտ քննադատում է Անահիտ Ավանեսյանին և բռնում վերջինիս սխալները: Թեև Փաշինյանը հայտարարում է, որ ինքն է որոշում, թե որ պաշտոնյան երբ հրաժարական կտա, ակնհայտ է, որ ՔՊ ներսում առողջապահության նախարարի աթոռը շարունակում է քաղցր պատառ մնալ, և պայքարն այս պաշտոնի համար չի դադարում....