Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Մունեո Տակասակային:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հանդիպման նպատակն էր ստորագրել «Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում՝ աղետների ռիկսի կառավարման նպատակով» ծրագրի քննարկումների արձանագրությունը:
ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով այցելության համար, նշել է, որ ստորագրվելիք փաստաթուղթը ԱԻ նախարարության և JICA-ի միջև սերտ համագործակցության ևս մեկ վկայություն է, ու հույս հայտնեց, որ փոխգործակցությունը կլինի շարունակական և էլ ավելի կխորանա:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մ. Տակասական ասել է, որ իրենց մեծ ցանկությունն է, որ հայ ժողովուրդը մշտապես լինի իրազեկված և պատրաստ՝ աղետների դիմագրավմանը:
Արձանագրության ստորագրումից հետո՝ տարեսկզբին, կմեկնարկեն ծրագրի փորձագետների ներգրավման աշխատանքները: Գարնանը ճապոնացի փորձագետները կժամանեն Հայաստան:
Ճապոնիայի կառավարության Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության ծրագրերի (ODA) շրջանակներում 2017թ. հաստատվել է դրամաշնորհային հայտ՝ «Ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման ցանց» ստեղծելու համար: Վերոնշյալ թեմաներով եղել են մի շարք հանդիպումներ ծրագրի փորձագետների հետ, որոնց ընթացքում բարձրացվել են ուսումնական և շարժական տեղեկատվական կենտրոնների տեխնիկական հագեցման, արբանյակային կապի հետ կապված ծախսերի, ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստման ու փորձի փոխանակման վերաբերյալ հարցերը: