ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, ՀՀ-ում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին:
Ընդգծելով Հայաստանում առկա մեծ ներուժը գյուղատնտեսության ոլորտում և հաջող ու արդյունավետ համարելով ՊԳԿ աջակցությամբ իրականացվող ծրագրերը' պարոն Յելեն հաստատել է կազմակերպության պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ:

 


«Մենք հիմա կանգնած ենք մարտահրավերների առջև, որոնք հաղթահարելու համար ակնկալում ենք միջազգային կառույցների և արտասահմանյան գործընկերների, այդ թվում' նաև Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությունը», - իր հերթին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

 


Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է ոլորտի առաջնահերթություններն ու գերակա խնդիրները' հատկապես կարևորելով ինտենսիվ այգիների հիմնման, բնական պաշարների խնայողաբար օգտագործմամբ ձկնաբուծության զարգացման, ոռոգման կաթիլային համակարգերի և հակակարկտային ցանցերի ներդրման հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև երկրում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման իրականացման անհրաժեշտությանը:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև ստորագրվել է «Երկրի առաջնահերթությունների ծրագրային շրջանակը» համաձայնագիրը, որով ՊԳԿ-ն աջակցություն կցուցաբերի ֆերմերների, անտառային տնտեսության մեջ զբաղվածների և ձկնաբույծների մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև գյուղական բնակավայրերում կենսամակարդակի բարելավմանը:

 


«Մենք կարևորում ենք փոքր ֆերմերների և ընտանեկան գյուղացիական տնտեսությունների դերը Հայաստանում, և համաձայնագիրը ներառում է այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են այս խմբերի աջակցությանը: Միաժամանակ այս համաձայնագիրը կօգնի երկրին պահպանել բնական ռեսուրսները և բարելավել աղետներին արձագանքելու դիմակայունությունը» - նշել է պարոն Յելեն:
Համաձայնագիրը պատրաստվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, պետական այլ կառույցների, դոնոր կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, զարգացման ծրագրեր իրականացնող այլ գործընկերների, ներառյալ՝ ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում:

 


ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին