Հունիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանը և ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակագ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության միջև համագործակցության ակտիվացման հուշագիրը:
Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Ստորագրված հուշագրի շրջանակներում նախատեսվում է մշակել և իրականացնել տարերային և տեխնածին աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման համատեղ ծրագրեր: Զարգացնել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցությունը տարերային աղետների և արդյունաբերական վթարների կանխման և դրանց հետևանքների վերացման հարցում:
Փաստաթղթում մասնավորապես ասված է. «Երկկողմ աջակցել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությանը: Աջակցել աղետներից բնակչության պաշտպանության ոլորտին առնչվող տեղեկատվության և տեխնոլոգիաների փոխանակման: Կանոնավոր կերպով անցկացնել հանդիպումներ արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների պաշտպանության, կադրերի պատրաստման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին արձագանքման միասնական մոտեցման ձևավորման բնագավառում փորձի փոխանակման նպատակով»: