Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Հայաստան-Լոս Անջելես» գործարար համաժողովին։
Համաժողովին մասնակցել են 250-ից ավելի ներկայացուցիչներ՝ Կալիֆորնիայի գործարար համայնքի բազմաթիվ անդամներ, Լոս Անջելեսի գործարար համայնքի շահերը ներկայացնող կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ։
Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ներկայացրել Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, տնտեսական աճի ընթացիկ դինամիկան, ներդրումային միջավայրը։
Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Լոս Անջելեսի համաշխարհային առևտրի կենտրոնի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի շրջանակում Հայաստանը և Լոս Անջելեսը կզարգացնեն համագործակցությունը Հարավային Կալիֆորնիայի և Հայաստանի Հանրապետության միջև առևտրային կապերն ընդլայնելու նպատակով, կիրականացնեն փորձի փոխանակում, կհամագործակցեն մասնավոր ընկերությունների միջև կանոնավոր փոխգործակցության և հաղորդակցության ապահովման ուղղությամբ։
«Հուշագիրը փոխադարձ առևտուրը զարգացնելու մասին է, և այն փաստը, որ առաջինը մենք ենք ստորագրում միջազգային առևտրի կենտրոնի հետ այս հուշագիրը, նշանակում է, որ ունենք տնտեսական հարաբերությունները խորացնելու լայն հնարավորություններ և այդ առևտրային համագործակցությունը այնուհետև տարածաշրջանային մակարդակով խթանելու հնարավություն»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։