Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության, կրթության և գիտության նախարարություններն ու «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը կնքել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ և ըստ ամենայնի օժանդակել նրանց արդյունավետ գործունեության իրականացմանը:

 

Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պետության և հասարակության զարգացման նպատակով կարևորելով աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունն ու կարևորությունը հանրակրթական ուսումնական հաստատություններում, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ նոր ստեղծվելիք ակումբները կդառնան Արցախյան գոյամարտի պատմության ուսումնասիրման և մեր նորօրյա հերոսների մեծարման այն օջախները, որոնք կնպաստեն պատանիների հայրենագիտակցության առավել զարգացմանը, ինչպես նաև միտված կլինեն ազգային հոգեկերտվածքով ու հայրենապաշտ քաղաքացի դաստիարակելուն:

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն էլ հավելել են, որ այսօր ունենք գիտակից, կրթված և հայրենասիրական բարձր գիտակցությամբ երիտասարդություն: Ուստի անհրաժեշտ է ջանք ու եռանդ չխնայել ոչ միայն եղածը պահպանելու, այլև ավելի կատարելագործելու համար, ընդլայնել դպրոցականների' հայրենաճանաչողությանն ու հայրենագիտությանն առնչվող հետաքրքրությունների ու նախասիրությունների բավարարման հնարավորությունները: