Ապրիլի 1-ին Մոսկվայում ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդը համագործակցության համաձայնագիր են ստորագրել, որով պայմանավորվել են գիտական նյութեր փոխանակել, միմյանց տեղեկատվական աջակցություն ցուցաբերել և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով համատեղ միջոցառումներ անցկացնել:
Համաձայնագիրը ստորագրել են ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը և Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի գործադիր տնօրեն Անդրեյ Կորտունովը:
Առաջիկա համատեղ միջոցառումը` «Հայաստան և Ռուսաստան. դաշնային փոխգործակցության 30 տարի» խորագրով կլոր սեղանը, որը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, տեղի կունենա ապրիլին Մոսկվայում:
ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թ. ապրիլի 3–ին: Այն վերկուսակցական համախմբում է, որը միավորում է հիմնականում նոր սերնդի հայ քաղաքագետների, իրավաբանների, լրագրողների և գործարարների, ինչպես նաև Հայաստանի բարեկամների: Կազմակերպության նախագահը հասարակական-քաղաքական գործիչ Յուրի Նավոյանն է, իսկ համանախագահները` հայագետ, ռուսաստանյան նախկին սենատոր Ռաֆայիլ Զինուրովը և հասարակական գործիչ, գործարար Գոռ Կարախանյանը:
Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի գործունեությունը ուղղված է խաղաղության, ժողովուրդների միջև բարեկամության և համաձայնության ամրապնդմանը, միջազգային հակամարտությունների կանխարգելմանը և ճգնաժամերի կարգավորմանը: Խորհուրդը ստեղծվել է 2010 թ. փետրվարի 2–ին` համաձայն Ռուսաստանի նախագահի կարգադրության:
Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է, նախագահը` 1998-2004 թթ. ՌԴ արտգործնախարար, ՌԴ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Իգոր Իվանովը, գործադիր տնօրենը` Անդրեյ Կորտունովը: