Այսօր ԱԺ-ում ընթացող նիստի ժամանակ բավականին զավեշտալի վիճակում հայտնվեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Մանուկյանը: Բանն այն է, որ ընդդիմադիր պատգամավորներից մեկը հարց էր ուղղել Մանուկյանին` կիսո՞ւմ է նա արդյոք այն մարդու արժեհամակարգը, ով դրական է համարում հանգամանքը, որ ուսուցիչները ցանկանում են դառնալ պարեկ: Մանուկյանը, ով, ըստ էության, չի հետևում կառավարության նիստերին, միանգամից չկռահեց, որ այդ մտքի հեղինակն իր քաղաքական թիմի լիդերն է և հայտարարեց, որ, իհարկե, ոչ, ինքը նման միտք արտահայտող մարդու արժեհամակարգը չի կիսում:
Այն բանից հետո, երբ պատգամավորին պարզ դարձավ, որ այդ արժեհամակարգով անձը Նիկոլ Փաշինյանն է, վերջինս փորձեց խուսանավել` հայտարարելով, որ եթե ուսուցիչը ուզում է պարեկ դառնալ, ուրեմն պետք է դառնա, քանի որ իրական ուսուցիչը երբեք պարեկ դառնալու ցանկություն չէր հայտնի: Ըստ էության, սա անհաջող կռուտիտի փորձ էր ՔՊ-ական պատգամավորի կողմից, ով ակամայից ի ցույց դրեց այն երկակի ստանդարտները, որոնք այսօր առկա են և տիրաժավորվում են ՔՊ-ում: Մանուկյանը չի կիսում X անձի արտահայտած նման միտքը, սակայն, եթե այդ X անձը Նիկոլ Փաշինյանն է, ապա կարելի է մի կողմ դնել սկզբունքայնությունը և կիսել վերջինիս արժեհամակարգը: Փաստորեն, պատգամավորի մանդատը սկզբունքայնությունից շատ ավելի կարևոր է: Մնում է, որ Նիկոլ Փաշինյանը ների վերջինիս այս «սայթաքումը». գաղտնիք չէ, որ պետական համակարգում Փաշինյանի արժեհամակարգը չկիսող պաշտոնյաները շատ արագ դառնում են «նախկիններ»...