«Ե՞րբ է աշխատելու «Նաիրիտ»-ը»,-Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը և փորձեց նաև ճշտել, թե երկրի՝ հետ ընկած տնտեսությունն ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում վերականգնել։
Հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․ «Պարոն Մելիքյա՛ն․ ցավոք, ես փորձագիտական մակարդակով չեմ տիրապետում այս խնդրին և չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Իսկ ինչ վերաբերում է այն խնդրին, որ շարժման ամեն օրը հետ է շպրտում երկրի տնտեսությունը, ապա պետք է ասեմ, որ մեր բաց թողած ամեն մի օրը կկոմպենսացվի»։
Փաշինյանը նկատեց, որ իրենք ունեն կադրային բազա, սակայն, չեն գալիս կադրային ջարդ իրականացնելու։
Անդրադառնալով Մելիքյանի դիտարկմանը, որ Փաշինյանի ղեկավարած շարժումը վնասում է երկրի տնտեսությանը, Փաշինյանը նկատեց․ «Մեր շարժումը ողջունել են բազմաթիվ տնտեսվարողներ, և եթե նրանց գործունեությանը վնասած լիներ այս շարժումը՝ այդպես չէին վարվի»։
Փաշինյանը նկատեց նաև, որ օրենքի իշխանություն է հաստատվելու երկրում, և քաղաքական հանգուցալուծման արդյունքում տեսնելու ենք շատ լուրջ արդյունքներ․ «Ապրելու, աշխատելու, արարելու տրամադրությունն ամենակարևորն է․ ես չեմ կիսում Ձեր հոռետեսությունը»։