Առաջարկները փոխանցել ենք ՌԴ-ի մեր գործընկերներին, ենթադրում եմ՝ ռուսական կողմն Ադրբեջանին էլ է փոխանցել, բայց մենք էլ նաեւ ուղիղ Ադրբեջանին ենք փոխանցել դրանք, եւ այն, որ այդպիսի առաջարկներ լինելու են, այդ մասին Ադրբեջանի նախագահին տեղեկացրել եմ Բրյուսելի հանդիպման ժամանակ։ Այս մասին ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ կոնկրետ ինչ առաջարկներ է Հայաստանը ներկայացրել Ռուսաստանին եւ Ադրբեջանին։
«Առաջարկները ոչ թե հենց դեմարկացիայի մասին են, այլ հետեւյալի՝ Բրյուսելում կողմերը պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու վեարբերյալ եւ գործը տանել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձեւավորմանը։ Մեր առաջարկը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ գլոբալ առումով ոչ մի գաղտնիք չկա։ Դրանք այն առաջարկներն են, որոնց մասին դեռ մայիսին են խոսել՝ հայելային հետքաշման մասին է խոսքը։ Դա աշխատանքային փաստաթուղթ է, որի մասին մեր ռուսաստանցի, ադրբեջանցի եւ միջազգային գործընկերներին մենք տեղյակ ենք պահել։ Հայաստանում այդ թեմայի հետ կապված անընդհատ տարբեր մեկնաբանություններ են արվում, եւ, բովանդակության մանրամասները չիմանալով, առնվազն ճիշտ չէ մեկնաբանություններ անել։ Այնպիսի տպավորություն է, թե ըստ այդ առաջարկների՝ մենք առաջարկում ենք սահմաններն առանց պահպանության թողնել, բայց, բնականաբար, այդպիսի բան տեղի ունենալ չի կարող․ մեր առաջարկը վերաբերում է սահմանների անվտանգության ու կայունության մակարդակը բարձրացնելուն։ Մեր եւ միջազգային գործընկերների ընկալմամբ՝ դեմարկացիան եւ դելիմիտացիան հնարավոր չեն, երբ սահմանին կայունություն չունենք, եւ սա նաեւ պայմանավորվածությամբ գրավոր փաստաթղթի տեսքով արձանագրել ենք Սոչիում։ Ադրբեջանի կողմից հրապարակային արձագանք կա, եւ կա հրապարակային պատասխան։ Ադրբեջանը, ըստ էության, հենց այդ առաջարկների փաթեթին էր արձագանքել՝ ասելով, որ դեմարկացիան եւ դելիմիտացիան պետք է առանց նախապայմանների տեղի ունենան, ինչին ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն արձանագրեց, որ Հայաստանը որեւէ նախապայման չունի, եւ խոսքը ոչ թե նախապայմանի, այլ պայմանավորվածությունները կյանքի կոչելու մեխանիզմների մասին են։ Այդ առաջարկներն այնպես չէ, որ օդից են ընկել՝ տարբեր քննարկումների արդյունքում տարբեր առաջարկներ են եղել»,- հայտնեց Փաշինյանը։
Հայաստանը, վարչապետի խոսքով, չի փորձել այնպիսի փաստաթուղթ ձեւակերպել, որը զուտ հայկական կողմի տեսակետն արտահայտի, այլ փորձ է արվել քննարկումներից ռացիոնալ առաջարկները դուրս բերել եւ ձեւակերպել փոխադարձ ընդունելի առաջարկ, եւ, կարծում է, ստացվել է այդպիսի մոդել։
«Քննարկումները շարունակվում են, մենք չենք ուզում շատ դետալներ բացահայտելով խաթարել աշխատանքային քննարկումը։ Կարծում ենք, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովն օր առաջ պետք է ձեւավորվի՝ ինչքան շուտ, այդքան՝ լավ։ Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել, ինչքան շուտ կատարվեն, էնքան լավ, հիմա աշխատում ենք, որ դա տեղի ունենա»,- նշեց վարչապետը։
Անդրադառնալով Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այն հայտարարությանը, որ Եվրամիությունն իրավիճակի լիցքաթափման մի քանի տարբերակներ է կողմերին առաջարկել, Փաշինյանը նկատեց․
«Մենք հանդիպում ենք ունեցել Սոչիում, հետո՝ Բրյուսելում, եւ դրանց արդյունքում փորձել ենք դուրս բերել էն հնարավոր ընդհանուր մոտեցումները, որոնք արձանագրվել են, եւ այն առաջարկը, որը արել ենք, որում հընթացս որոշակի նյուանսներ են փոխվել, ներառում են Սոչիի եւ Բրյուսելի քննարկումները։ Առաջարկը մենք ենք ձեւակերպել, բայց դրանց հեղինակային իրավունքը մեզ չի պատկանում, որովհետեւ դա քննարկումների արդյունք է՝ նաեւ Ռուսաստանն է նկատառումներ արել, ավելին՝ դրանք արտահայտում են նաեւ Ադրբեջանի, Հայաստանի, ԵՄ-ի որոշակի դիտարկումներ։ Այն, ինչ խոսել ենք սեղանի շուրջ եւ տեսել ենք, որ կարող են ինչ-որ տարբերակներ լինել, դրանք ձեւակերպել ենք եւ դրել սեղանին»- նկատեց Փաշինյանը։