ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Ամուլսարի հարցով դիրքորոշումը պետք է լինի իրավական: Այս մասին Փաշինյանն ասաց ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
«Իմ դիրքորոշումը հետևյալն է, որ դիրքորոշումը պետք է լինի իրավական, որովհետև մենք խոսում ենք իրավական պետության մասին: Հարցին կան տարբեր մոտեցումներ, բայց այդ բոլորի հանգուցալուծումը պետք է լինի իրավականը: Մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը և առաջնորդվենք դրանով՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պետք է լինի ճշմարտությունը: Հայաստանի վարչապետի կարգավիճակից բխող միակ դիրքորոշումը, որ կարող է լինել արդարացված և լեգիտիմ, հենց սա է»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ եթե այսօր իրենք ապօրինի ձևով փակեն հանքը, մյուս օրը ապօրինի ձևով կփակեն լրատվամիջոցը, և այդպես շարունակ: