Հայաստանի վարչապետից և նրա ընտանիքի անդամներից հունվարի 23-ին Դիլիջանի ճանապարհին գտնվող սրճարան մուտք գործելիս պահանջել են կորոնավիրուսի պատվաստումը հաստատող QR կոդը: Այս մասին առցանց ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է ասեմ, որ շատ հաճելի էր, որ պահանջել են: Առավել ևս հաճելի էր, որ մենք մեր բջջային հեռախոսների մեջ, իմանալով, որ նման կարգավորում կա, բոլորս ունեցել ենք համապատասխան QR կոդը: Դա ամենևին բարդություն չներկայացրեց: Ընդ որում' երբ մտանք սրճարան՝ սուրճ խմելու, շատ մարդիկ կային սրճարանում, բոլորից էլ ստուգել էին»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ Հայաստանում օմիկրոն շտամի առկայության պարագայում կորոնավիրուսի թվերն էականորեն աճելու են: «Մենք պարտավոր ենք միջոցներ ձեռնարկել հանրային առողջությունը, այդ թվում և տնտեսվարողներին պաշտպանելու համար»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ ինքը և ընտանիքի անդամները, բացառությամբ փոքրերի, պատվաստված են՝ հավելելով, որ ինքն ընդունել է նաև երրորդ դեղաչափը: