Մենք շատ լուրջ խնդիր ունենք, հաճախ շտապում են իմ հետ կապված որևէ հայտարարություն անել և լավ չեն ուսումնասիրում: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այսօր մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե ինքը հայտարարագրերում գույք է թաքցնում:

«Նշված գույքը տատիկիս կոմունալ փոքրիկ բնակարան էր, որ 7-8 տարի առաջ վաճառվել է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա: Խորհուրդ եմ տալիս ավելի ուշադիր լինեն նման դեպքերում, միշտ տնտղեն, որովհետև որևիցէ բան, որը օրենքի հետ անհամապատասխանություն կունենա, չի կարող լինել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ այդ հրապարակման վերաբերյալ դիմելու է դատարան. «Կդիմեմ դատարան և հերքում կպահանջեմ, այնտեղ ակնհայտ զրպարտություն կա, ինչպես նաև բանկային գաղտնիքի հետ կապված օրենսդրական խնդիր: Պետք է մի փոքր գրագետ ձևով նյութ գրել, ամեն անգամ վերնագիր գրելով և հետո հերքելով չի ստացվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություն՝ էր տարածվել այն մասին, որ Ալեն Սիմոնյանը գույք է թաքցնել իր հայտարարագրերում: