Հայաստանի հպարտ քաղաքացիների հիշողության մեջ դեռ վառ է, որ նախորդ տարի Աբու Դաբիում ընթացող IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում էր դատարկ տաղավարներով՝ միայն բուկլետ բաժանելով։ Նման «շքեղ» պրեզենտացիայի պատասխանատում Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էր` ի դեմս այն ժամանակվա նախարար Հակոբ Արշակյանի։ Նախարարը հայկական տաղավարի աչք ծակող դատարկությունը բացատրեց լոգիստիկ խնդիրներով. հաշվարկներն այնպես էին արել, որ ցուցահանդեսի բացմանը տեսականին տեղում լիներ, սակայն, արի ու տես, պարզվեց անգամ հաշվարկ անելը նախարարի համար չափից դուրս բարդ առաջադրանք էր։
 
IDEX-2021 միջազգային ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի տաղավարի կառուցապատման և դիզայներական աշխատանքների կատարման նպատակով դեռևս փետրվարի 2-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագիր էր կնքել «Էքսպո Գրուպ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի գինը կազմել է 23 մլն դրամ: Այսինքն, պետական բյուջեից 23 մլն դրամ է ծախսվել դատարկ տաղավարի և բուկլետների համար։ Ի տարբերություն հայկական դատարկ տաղավարի` Ադրբեջանը ցուցադրել էր իր զենքի տեսակները:
 
 
Այս դեպքից հետո ամիսներ անց էկոնոմիկայի նախարար նշանակված Վահան Քերոբյանը սրտնեղել էր, որ Հակոբ Արշակյանին չի հաջողվել ավելին քամել վերը նշված ցուցահանդեսից և մեր տնտեսությունը առանձնապես ոչինչ չի շահել։ Քերոբյանին այս տարի շանս ընձեռվեց ուղղել Արշակյանի շահերը` Դուբայ 2020 էքսպոյում ՀՀ պատվիրակության ղեկավարը հենց էկոնոմիկայի նախարարն էր։ Հաշվի առնելով Վահան Քերոբյանի կատակասիրությունը` կարելի է հասկանալ, թե ինչու են այս տարի հայկական ազգային արժեքները ներկայացնող ստենդում տեղ գտել «американские горки»-ն։ Ըստ ՔՊ-ական պաշտոնյայի` մենք ազգովի պետք է հպարտանանք հենց դրանով։ Մենք հայերս էլ միամտորեն մտածում էինք, որ հպարտանալու և աշխարհին ներկայացնելու գլխավոր բրենդը դա մեր դարավոր մշակույթն ու պատմությունն է, բայց արի ու տես, որ Վահան Քերոբյանը տնտեսական հեղափոխությունը «թամամելով» արդեն անցում է կատարել արժեհամակարգային հեղափոխության. ապացույցն էլ Դուբայում ՀՀ տաղավարն է:
 
 
Այն, որ Քերոբյանն իր կազմակերպչական տաղանդով և գրանցած արդյունքներով ոչնչով չի զիջում Հակոբ Արշակյանին, պարզ է դառնում նաև այն պարապությունից, որը ՀՀ պատվիրակությունը տածում էր էքսպոյին մասնակցելիս: Տպավորություն էր, որ պատվիրակները եկել են ոչ թե երկիր ու պետություն ներկայացնելու, այլ ֆիլմի պրեմիերայի: Ֆիլմն էլ բավական ձանձրալի էր:
 
Ընդհանրապես, տպավորություն է, որ հայ պաշտոնյաների համար նման ցուցահանդեսներին մասնակցությունը պարզապես պետության հաշվին թանկարժեք վոյաժի որպես տուրիստ մեկնելու լավ հնարավորություն է, ոչ ավելին: Որպես կանոն` նման ցուցահանդեսներից շահող է դուրս գալիս արդեն վերը նշված  «Էքսպո Գրուպ» ՍՊԸ-ն, որը պետությունից միլոններ  է ստանում, իսկ պաշտոնյաների ապիկարության արդյունքում այդ ցուցահանդեսները վերածվում են ոչ թե միջազգային հեղինակավոր հարթակներում ՀՀ կարողությունների ներկայացման, այլ շարքային խայտառակության: