Ուրցաձորի համայնքապետարանի աշխատակիցները, ի նշան բողոքի, շարունակում են աշխատանքից ազատման դիմումներ գրել, միայն 2 հոգի են մնացել աշխատելու: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ուրցաձորի համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, որին Վեդիի համայնքապետի ԺՊ Գարիկ Սարգսյանն ազատել է:
«22 տարվա աշխատանքային փորձիս ընթացքում իմ ենթակաները առաջին անգամն էր, որ ինձ չենթարկվեցին և աշխատանքից ազատման դիմումներ ներկայացրին: Ես ասացի, որ դուք ոչնչի հետ կապ չունեք, աշխատանքից ազատման դիմումներ մի գրեք, բայց ինձ չլսեցին: Բոլորը ազատման դիմում են գրել, կարծեմ՝ 2 հոգի մարդ է մնացել աշխատելու»,- նշեց նախկին ղեկավարը:
Վերջինս ասաց, որ համայնքի հետ կապված երբեք միայնակ որոշումներ չի կայացրել պարտադիր իր աշխատակիցների հետ քննարկել է, նոր որոշում կայացրել:
Համայնքի նախկին ղեկավարը նկատեց, որ Ուրցաձորում ոչ թե ԺՊ են նշանակել, այլ վարչական ղեկավար. «Այդ հաստիքը գոյություն չունի, թե ոնց են նշանակել, ինչ են արել, չեմ կարող ասել»,- նշեց նա:
Նա վստահեցրեց, որ իր խնդիրը համայնքի ղեկավարի պաշտոնում մնալը չէ, այլ արդարության հասնելը. «Անդրեասյան Ռաֆիկը չի մտածում, որ մնա համայնքի ղեկավար, ինքն անբուժելի հայ է և պայքարում է անարդարության դեմ: Յուրաքանչյուր անարդարություն նկատելիս դառնում եմ տաքարյուն: Պաշտոնը ինձ համար ոչինչ է, որովհետև շատ են եղել դեպքեր, որ ինձ բարձր պաշտոններ են նշանակել, սակայն ես հրաժարվել եմ, քանի որ ցանկացել եմ, որ իմ ծննդավայրը ծաղկի»,- նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ շնորհակալ է իր աշխատակազմից, որը նվիրյալ է եղել համայնքի շենացման գործին:
«Իրենք էլ անձնական ոչինչ չունեն, պարզապես, ունեն արժանապատվություն և թույլ չեն տալիս, որ այն ոտնահարվի»,- նշեց Ռաֆիկ Անդրեասյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 16-ին Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը հայտնել էր, որ Վեդիում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։
«Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով` բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը»,- գրել էր նա։
Հիշեցնենք, որ Վեդիում դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ էին։ Ընտրապայքարն ընթանում էր «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև։
Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 2383 ընտրող։ Կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին համարը Սիսավան համայնքի ղեկավար Սպարտակ Թարթիկյանն էր։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում ստացել էր 2270 ձայն։ Ընտրական ցուցակում առաջին համարը Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանն էր։
«Հանրապետություն» կուսակցությունը ստացել էր 596 ձայն։ Ընտրական ցուցակը գլխավորում էր Գագիկ Հակոբյանը։
Հավելենք, որ Վեդի խոշորացված համայնքի ընտրությունները կայանալու են մարտի 27-ին:
Զվարթ Պետրոսյան