Դատարանը մերժել է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդու պաշտպանների բողոքը՝ խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ․ նա կշարունակի մնալ կալանքի տակ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի-ի հետ զրույցում ասաց Ռաֆիկ Անդրեասյանը։
«Իմ գնահատականը կարծում եմ՝ պարզ է, ինչպես հանրապետության բոլոր դատարաններում, կայացվել է անհիմն որոշում։ Եթե դատավոր են դատում, պարզ չէ՞ որ իմ որդին էլ պետք է մնա կալանքի տակ։ Միանշանակ կա քաղաքական ենթատեքստ, սակայն ես վստահ եմ, որ որդուս արածի մեջ որևէ հանցանք չկա, պարզապես սովորական վթար է տեղի ունեցել։ Կարող եք գալ գյուղում հետաքրքրվել, կարծիք հարցնել՝ արդյոք իմ որդին իրո՞ք հանցագործ է, պե՞տք է նստի, նրան ճանաչողները կասեն»,- ասաց Անդրեասյանը։
Նա նշեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են և շարունակելու են պայքարել արդարության հասնելու համար։
Ինչ վերաբերում է որդուն տեսակցելուն, ապա Անդրեասյանն ասաց՝ չի հանդիպել նրան․ «Անկախ նրանից իմ որդին է, թե մեկ այլ անձ, ես չեմ ցանկանա որևիցե պարկեշտ մարդու տեսնել ճաղերից այն կողմ»,- նշեց Ուրցաձորի նախկին համայնքապետը։
Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին, դժգոհելով հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, ապա, իջնելով ավտոմեքենայից, սպառնացել էր ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս պահանջներին: Ռաֆիկ Անդրեասյանի որդուն մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Ըստ Ռաֆիկ Անդրեասյանի՝ որդու հետ կատարվածը պայմանավորված է իր դեմ քաղաքական հետադնդումներով, քանի որ հրաժարվել էր կատարել Վեդիի համայնքապետի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի հրահանգը՝ համայնքապետի պաշտոնից ազատվելուց հետո չէր հեռացել աշխատավայրից և հրաժարվել էր կնիքը փոխանցել իրեն փոխարինողին: