Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց  «Իգլա»-ի գործով դատական նիստը, որի ժամանակ  Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը  միջնորդություններ ներկայացրեց դատարանին: 

Առաջին միջնորդությամբ՝ պաշտպանը հայտնեց, որ սեփականության վրա կալանք դնելն իրավաչափ չէ և խախտում է Բաբայանի սեփականության իրավունքը:

Սամվել Բաբայանի պաշտպանը նաև միջնորդեց իր պաշտպանյալի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելանքը վերացնել: 


Իսկ երրորդ միջնորդությամբ պաշտպանը հայտնեց. «Միջնորդում եմ խափանման միջոց կալանավորումը վերացնել և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին, կամ կիրառել գրավ»,-ասաց Քալաշյանը:
  

Դատավոր Արշակ Վարդանյանը սակայն  մերժեց Սամվել Բաբայանի գույքի վրա դրված կալանքը հանելու մասին և Սամվել Բաբայանի կալանավորումը վերացնելու մասին պաշտպանի միջնորդությունները՝ հիմնավորելով, որ ազատության մեջ Բաբայանը կարող է խոչընդոտել գործի ընթացքին։

Նիստը նախագահող դատավորը սակայն բավարարեց մեկ այլ միջնորդություն՝ թույլատրելով  Սամվել Բաբայանի ընտանիքին անդամների և հարազատներին տեսակցություն՝ տալով նաև հեռախոսազանգի հնարավորություն: