«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը նշել էր, որ ՔՊ վարչության նիստում առաջադրված թեկնածուները մի քանիսն են եղել, այդ թվում՝ ինքը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, թեկնածուները հինգն են եղել՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և մեկ կին թեկնածու՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ալեն Սիմոնյանը ինքնաբացարկ է հայտնել, ինչի մասին հայտարարել էր հենց ինքը՝ նախագահի ԺՊ-ն:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանի թեկնածությանը դեմ է եղել քպականների մեծ մասը, Արամ Սարգսյանի թեկնածությունը առանձնապես շատ չի էլ քննարկվել, նշվել է, որ նրա անձի նկատմամբ Ռուսաստանում խնդիրներ կարող են լինել: Թե ինչու չեն ընտրել միակ կին թեկնածուին, առայժմ պարզել չհաջողվեց: Ի վերջո, ընտրվել է այն թեկնածուն, որի առումով Փաշինյանն արդեն որոշում է կայացրած եղել»: