ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու հարցով այս պահին դեռ հաստատված դիրքորոշում չունի:
Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցերին, թե կա՞ն արդյոք քննարկումներ՝ թեկնածու առաջադրել-չառաջադրելու վերաբերյալ և ո՞ր խմբակցության հետ են իրենք պատրաստվում համագործակցել:
«Մեր խմբակցությունը և խմբակցությունը ներկայացնող ուժերը, բնականաբար, առաջին հերթին պետք է այդ քննարկումները տանեն իրական ընդդիմադիր ուժերի հետ՝ հասկանալու թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, նաև իշխանության ներկայացրած թեկնածուի նկատմամբ իրենց դիրքորոշումը դրսևորելու վերաբերյալ: Այս պահին չկան հաստատված թեկնածուներ, մենք չունենք հաստատված դիրքորոշում՝ առաջադրելո՞ւ ենք, թե չենք առաջադրելու»,- ասաց Աբրահամյանը:
Նա խոստացավ, որ խմբակցությունն առաջիկայում հանդես կգա լրացուցիչ պարզաբանումներով: Աբրահամյանը միևնույն ժամանակ բացառեց այս հարցում իշխող ուժին աջակցելը: