Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ներկայացնում «Պարացետամոլ» դեղի առկայության վերաբերյալ: Հիշեցնենք, որ վերջին օրերին հաճախակի էր խոսվում այն մասին, որ սույն դեղը պարզապես անհետացել է դեղատներից: Ըստ նախարարության` հնարավոր են որոշ առաջնային ընտրության դեղերի պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ, որոնք արագ շտկվում են: Իսկ շտկել իրավիճակը Ավանեսյանը պատրաստվում է «Արփիմեդ» ընկերության միջոցով, որին 500 հազար հաբ պարացետամոլ ներկրելու թույլտվություն է տրվել: Նախարարության տարածած հայտարարության մեջ գրված է, որ առաջիկայում կավարտվի 127 300 տուփ (1273 000 դեղահատ) պարացետամոլ պարունակող դեղերի մաքսազերծման գործընթացը, ևս 500 հազար դեղահաբ պարացետամոլ է իրացնելու «Արփիմեդ» դեղագործական ընկերությունը։
Իսկ ո՞վ է այս ընկերության սեփականատերը: Վաչագան Ղազարյանը «Արփիմեդ» դեղագործական ընկերության 97 % սեփականատերն է և գլխավոր տնօրենը։ Մնացած 3 % պատկանում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Արտակ Հարությունյանին, ով Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն էր: 2017 թվականին Ղազարյանը ՀՀԿ ցանկով առաջադրված պատգամավորի թեկնածու էր, ըստ էության, սերտ կապեր ուներ արդեն նախկին իշխանությունների հետ, պարբերաբար հաղթում էր տենդերներում:
Այսինքն` ինչ իրավիճակ է ստացվում: Սկզբում շուկայում ի հայտ է գալիս դեղի դեֆիցիտ, երբ այդ մասին սկսում են խոսել գրեթե բոլորը, Անահիտ Ավանեսյանը հայտարարում է, որ նման խնդրին ընդհանրապես ծանոթ չէ, մեկ օր անց շատ օպերատիվ կերպով որոշում է կայացվում , որ 500 հազար հաբ պարացետամոլ կիրացնի «Արփիմեդ» ընկերությունը: Որևէ եզրահանգում չենք անում, թողնում ենք դա ընթերցողին: Մենք ընդամենը նկարագրում ենք, թե ինչ հերթականությամբ է զարգացել իրավիճակը:
Իր հերթին` ՏՄՊՊՀ-ն վերջին ամիսներին դեղերի շուկայի ուսումնասիրություն է կատարել և հետաքրքիր է՝ Գեղամ Գևորգյանը նկատել է այս դեղի շուրջ տեղի ունեցող կասկածելի գործընթացները, թե այստեղ էլ ամեն ինչ նորմալ է: ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյուքնները կհրապարակվեն մոտ ժամանակներս, և մենք էլ հնարավորություն կունենանք մեկ անգամ ևս գնահատելու այս կառույցի օբյեկտիվությունը և անաչառությունը: