Հայաստանի իշխանությունը պարբերաբար գնահատում է երկրի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը և դրա հետ կապված քայլեր են կատարվում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը պաշտոնապես չի արձագանքում «Շուշիի հռչակագրի» վավերացմանը Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից:
«Մենք պարբերաբար մեր շուրջ անվտանգային միջավայրը գնահատում ենք և դրա հետ կապված քայլեր ենք կատարում: Այդ քայլերի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը ոչ հրապարակային, բայց ցանկացած գործընթաց, որը տարածաշրջանում տեղի է ունենում, մեր ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտության դեպքում տարբեր ձևերով արձագանքում ենք»,- ասաց Գրիգորյանը:
«Դաշնակցային հարաբերությունների մասին» հռչակագրով, որը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են անցած տարվա հունիսի 15-ին Շուշիում, նախատեսված է, մասնավորապես, որ երկու երկրները փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում»։ Փաստաթղթով նաև նախատեսվում է, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդները պարբերաբար համատեղ նիստեր կհրավիրեն, որոնց ընթացքում քննարկվելու են «տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը»։ Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանները վավերացրել են «Շուշիի հռչակագիրը»։