Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում:
Ծղուկ գյուղի ճանապարհին ձյան չմաքրման և ճանապարհի մերկասառույցի պատճառով 3 տասնյակից ավելի ավտոմեքենաներ չեն կարողացել երթևեկել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ճանապարհի սառցակալած լինելու հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են, այդ թվում՝ Volvo մակնիշի բեռնատարը, որի կցորդիչը կախվել է դեպի ձորը: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հրամանատար Հովսեփյանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները մոտ 20 քաղաքացու տեղափոխել են Գորայքի ժամանակավոր հենակետ, իսկ հետո արգելափակումից դուրս են բերել 70-ից ավելի ավտոմեքենաներ:
Օպերատիվ են գործել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Մի քանի ժամ անց նոր բարեհաճել են ճանապարհը սպասարկող ճանշինի աշխատակիցները ու սկսել մերկասառույց ճանապարհը պատել աղ ու ավազով: