Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 07։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 85 կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանների 1-ին գոտում, ավտոմեքենա է ընկել ձորը և, ըստ տեղեկությունների, կան տուժածներ։
Սևանի ջրասուզակներն ու ճանապարհային ոստիկանները ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ ձորից դուրս են բերել մոտ 70 տարեկան տղամարդու և 12-15 տարեկան տղայի դիեր։ Օպերատիվորեն են գործել նաև Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մահացածների մարմինները տեղափոխել են դիահերձարան։ Դիլիջանի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներից 2 հոգու, ապա տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան դեպի Դիլիջան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, տապալել այն, հայտնվել անտառում՝ կոտրելով մի քանի հաստաբուն ծառեր։ Մահացածների դիերը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։
Քննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ այնտեղից դուրս բերելու համար պետք է օգտագործվի վերամբարձ կռունկ և քարշակ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը: