ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանի տարբեր վարչական շրջաններում բնակվող քաղաքացիներից ահազանգեր է ստացել այն մասին, որ ինչ որ մարդիկ մեքենաների թափքերի միջից թռչնամիս են վաճառում մայրաքաղաքի շենքերի բակերում և սեփական տների մոտ:
«Նախ տեղեկացնում ենք, որ այդ թռչնամիսը կարող է վտանգավոր լինել ձեր առողջության համար՝ դրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվել, և հորդորում ենք ոչ մի դեպքում այն չգնել:

Թռչնամսի ապօրինի վաճառքը նկատելու դեպքում այն վաճառող անձանց, նրանց մեքենայի մասին տվյալները՝ մակնիշը, պետհամարանիշը, խնդրում ենք տրամադրել ՀՀ ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին՝ թեժ գծերի միջոցով:

Կարող եք տեղեկացնել նաև մեզ՝ թեժ գծի 010-206040 կամ 012-906090 հեռախոսահամարներով»,- ասված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ: