Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքից հետո ՌԴ ԱԳՆ-ն խմբագրել է Թուրքմենչայի պայմանագրին նվիրված ֆեյսբուքյան սկանդալային գրառումը»։
Ավելի վաղ ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև 1828-ին ստորագրված Թուրքմենչայի հաշտության պայմանագրի օրվա առթիվ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ֆեյսբուքի էջում պատմափաստագրական հրապարակում էր արվել, որում Էրիվանի և Նախիջևանի խանությունները ներկայացվել էին որպես Արևելյան Հայաստան։
«Պայմանագրով Ռուսական կայսրությունն անցան Էրիվանի և Նախիջևանի խանությունները (Արևելյան Հայաստան)։ Իրանի կառավարությունը պարտավորվեց չխոչընդոտել հայերի վերաբնակեցմանը այդ խանությունների տարածքում ստեղծված Հայկական մարզում, ինչը նպաստեց հայ ժողովրդի միավորմանը Ռուսական կայսրությանը»,- ասված էր ՌԴ ԱԳՆ հրապարակման մեջ։
Սա վրդովմունք էր առաջացրել Բաքվում։ Այժմ տեքստից հանվել է «Արեւելյան Հայաստան» հիշատակումը։ Միաժամանակ նշվում է, որ Թուրքմենչայի պայմանագրի հիման վրա Ռուսական կայսրությանը միացված հողերի վրա ստեղծվել է «Հայկական մարզը»։