Մարդիկ լքում են գյուղերը, չունեն ապրուստի միջոց և այսքանը հերիք չէ, պետությունն էլ որևէ աջակցություն չի ցուցաբերում ադրբեջանցիների կողքին, վտանգի մեջ ապրող մեր գյուղացիներին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը։
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակը տանում է նրան, որ անասնապահությունը, բացառապես, խնդիր է դարձել սահմանամերձ Կութ, Սոթք, Ազատ, Նորաբակ գյուղերում, որովհետև արոտավայրերի և խոտհարքերի զգալի մասը անցել է ադրբեջանցիներին. «Ինչպես գիտենք, սահմանամերձ գյուղերում մարդիկ իրենց հացի խնդիրը լուծում են անասնապահության և գյուղատնտեսության միջոցով»,- ասաց համայնքապետը, նշելով՝ բնակիչները չեն կարողանում զբաղվել նաև գյուղատնտեսությամբ, քանի որ պետությունը որևէ աջակցություն չի ցուցաբերում նրանց.
«Ամեն տարի կառավարությունը սերմացուի, վառելիքի, պարարտանյութի սուբսիդավորում էր իրականացնում, բայց այս տարի, չգիտես ինչու, չի հաստատել սուբսիդավորման ծրագիրը, չենք էլ կարծում, թե մոտակա մի քանի օրը այն կարող է հաստատվել: Մարդիկ չեն կարողանում անգամ հողագործությամբ զբաղվել և շատերին գյուղերում այլևս պահող ոչ մի հանգամանք չկա: Նրանք մտածում են՝ դե որ պիտի սոված, ծարավ մնանք, դուրս կգանք գյուղերից, մի մասը՝ ՌԴ, մյուս մասը՝ Աբովյան, Հրազդան, ով որտեղ կկարողանա: Մարդկանց սոցիալական վիճակը իջել է 0-ի, հացի խնդիր ունեն»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ իրենց բնակավայրերից արտագաղթը արդեն սկսվել է և միայն վերը նշված 4 գյուղերը չեն լքում, այն համատարած բնույթ է կրում:
Մեր զրուցակիցը համոզված է, եթե պետությունը առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերեր սահմանամերձ գյուղերում ապրող բնակչությանը, ապա անկախ ադրբեջանցիների ՀՀ տարածքում լինելուց, նրանք չէին լքի իրենց տները. «Եթե կառավարությունը, ամեն դեպքում, աջակցություն տար սահմանամերձ համայնքներին, մարդիկ գոնե այդ արտոնությունների համար կմնային: Նրանք հիմա ապրում եմ վտանգի մեջ՝ ադրբեջանցիների կողքին, ու նման պայմաններում ապրող մարդկանց մի հույս է պետք, որը կլիներ աջակցություն կառավարության կողմից»,- նշեց նա:
Գեղամասարի համայնքապետը մեծ վտանգ է տեսնում բնակչության տները լքելու մեջ, նա կարծում է, որ դատարկ գյուղերը ադրբեջանցիները անարգել կկարողանան գրավել. «Եթե բնակիչները լքեն սահմանամերձ գյուղերը, ապա ադրբեջանցիները մեկ տարվա մեջ անարգել կարող են առաջանալ և տեր կանգնել այդ գյուղերին: Թող իշխանությունը որևէ մեկին չմեղադրի տարածքները լքելու մեջ, եթե մտնենք այդ մարդկանց դրության մեջ, ապա հանուն ինչի պետք է իր երեխայի ապագան դնի վտանգի տակ: Եթե պետությունը անհատի մասին չմտածեց ու անհատն էլ իրեն պաշտպանված չզգաց պետական մասշտաբով, ուրեմն՝ այդ անհատը երբեք չի մտածի այդ տեսակ պետության մասին»,- ասաց Հակոբ Ավետյանը:
Զվարթ Պետրոսյան