ՀՀ կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ տարվա սկզբից պարարտանյութերի շուկայում կտրուկ գնաճ է գրանցվել՝ 2.5-3 անգամ:
«Փոքր ֆերմերները հայտնվել են խոցելի պայմաններում: Մենք խոսեցինք գյուղացիների, ֆերմերների հետ, որոշեցինք հանդես գալ փոքր ֆերմերներին աջակցելու ծրագրով: Մասնավորապես, մինչև 3 հա տարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին սուբսիդավորել պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 9 հազար դրամը»,-ասաց նախարարը:
Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ առավել խոշոր հողօգտագործողներն իրենց արտադրողականության հաշվին նվազեցնում են պարարտանյութի գնի ազդեցությունը վերջնական ապրանքի վրա: Հետևաբար, աջակցության կարիք ունեն փոքր ֆերմերները:
«Օգտվեմ առիթից և կոչ անեմ գյուղացիներին մաքսիմալ մշակել հողերը: Բազմաթիվ խնդիրներ հաշվի առնելով՝ տեսնում ենք, որ ակնկալվում են պարենային անվտանգության լուրջ մարտահրավերներ: Մյուս կողմից տեսնում ենք, որ սննդամթերքի գները աճում են և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ»,-ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշմամբ արձագանքում են գնաճին: Նրա խոսքով, վերջին տարիներին, պայմանական ասած, գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում: Առաջին պատճառը կորոնավիրուսն էր, երկրորդը՝ ուկրաինական զարգացումները:
«Շատ դժվար է լավատեսական բան գտնել, բայց, մյուս կողմից տեսնում ենք, որ աճում են գյուղատնտեսական արտադրանքի գները և այդ առումով հողերի մշակման շահութաբերություն կարող է գոյանալ, որը նախկինում չկար: Մենք հասկանում ենք, որ կա մեկ այլ խնդիր: Կլիմայի փոփոխության հետևանքով մենք ամեն տարի ջրի հետ կապված լուրջ խնդիրներ ենք ունենում, մանավանդ, որ առկա է ջրային համակարգի մաշվածություն: Մենք ձևավորել ենք օպերատիվ շտաբ փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ, որ հնարավորինս արձագանքի խնդիրներին»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ցավալի է, որ օրգանական պարարտանյութերի արտադրությունը երկրում չի զարգացել, իսկ աշխարհում այդ տեսանկյունից այլ միտումներ են: Նա նկատեց, որ զարգացման ծրագրերն ամբողջ ծավալով չեն իրականացվում՝ ընդգծելով ինտենսիվ գյուղատնտեսությանն անցնելու հրամայականը: