«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, Հայ ձեռներեցների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը աջակցության խոսքերով դիմել է Ռուսաստանի և Հայաստանի գործարարներին.
«Միջազգային հարաբերություններում տիրող իրավիճակը շատ է մտահոգում բոլորիս: Սա առաջին անգամը չէ, որ դժվար ժամանակներ ենք ապրում և լավ գիտենք, որ ցանկացած ճգնաժամ ավարտվում է' իր տեղը զիջելով նոր հեռանկարներին, ուստի մեր պարտքն է այսօր լինել հնարավորինս միասնական, պահպանել հոգեկան անդորրը, շարունակել ընթանալ դեպի հետագա զարգացում և նոր հնարավորություններ ստեղծել մատաղ սերնդի համար։ Պատմությունը ցույց է տալիս, որ դժվար ժամանակները մեզ «մաքրում են» հնացած մոդելներից և բիզնես վարելու եղանակներից, թույլ են տալիս տեսնել նոր լուծումներ և ուղիներ։
Համոզված եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի ձեռներեցները կկարողանան ստեղծված իրավիճակում գտնել ճիշտ հավասարակշռություն և լրացուցիչ հնարավորություններ ստեղծել ավելի սերտ համագործակցության համար։ Մենք արագ արձագանքելու ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում տնտեսությունում, աջակցելու ենք բիզնեսին և շարունակելու ենք ամրապնդել մեր գործարար կապերը»,֊ասել է Սամվել Կարապետյանը։