Ինչպես քիչ առաջ հայտնեց ՀՀ ՄԻՊ-ը, գիշերը Խրամորթի ուղղությամբ հակառակորդի կողմից ականանետ կիրառելու հետևանքով գյուղում 1 քաղաքացիական անձ է վիրավորվել։
Պարզելու համար՝ բնակչի առողջական վիճակը, ինչպես նաև ներկա պահին գյուղում ստեղծված իրավիճակը, ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց Խրամորթի համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանի հետ, որը թեև ադրբեջանական ագրեսիայի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում ունեցավ 1 վիրավոր, մեզ վստահեցրեց, որ ամեն ինչ լավ է իրենց գյուղում.
«Ամեն ինչ նորմալ է և ներկա դրությումբ հանգիստ է, իրավիճակը վերահսկվում է»,- ասաց նա:
Խոսելով քաղաքացու ստացած բեկորային վիրավորումից՝ համայնքի ղեկավարը ընդգծեց՝ լուրջ բան չկա՝ թեթև բեկոր է մտել մեջքի հատվածում.
«Քաղաքացին իրեն լավ է զգում, կյանքին վտանգ չի սպառնում, ընդամենը փոքր բեկորից վիրավորում է ստացել, այդքանը»,- նշեց Զորիկ Աբրահամյանը:
Նա ասաց, որ բժշկական օգնություն ստանալուց հետո քաղաքացուն դուրս են գրել հիվանդանոցից:
«Ինքը այգում աշխատելիս է եղել, որ այդ դեպքը պատահել է, ուղղակի մոտակայքում է եղել և ականի պայթյունից վիրավորում է ստացել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Հետաքրքրվեցինք, քանի որ ականը պայթել է հենց բնակչի տան բակում, արդյոք տանեցիները վախեցել են, նա կտրուկ, բայցև վստահ պատասխանեց. «Ոչնչից էլ չեն վախեցել, ամեն ինչ լավ է»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի ՊԲ-ն հայտնել էր, որ մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00֊14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50֊ից մինչև մարտի 10֊ի ժամը 05։40-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։