Ուկրաինայում ռազմական գործողությունը եւ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները լուրջ ցնցում են ԱՊՀ+-ի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ռուսաստան, Ուկրաինա եւ Ուզբեկստան) համար, ասվում է միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալության վերլուծության մեջ։ Այս մասին հաղորդում է Interfax-ը:

Ռուսաստանի տնտեսության եւ մյուս երկրների վրա ուղղակի ազդեցությունը տարբեր է, բայց տնտեսական ազդեցությունը զգալի կլինի ողջ տարածաշրջանում:

«Հակամարտության ընթացքի եւ պատժամիջոցների վերջնական ծավալի ու տեւողության վերաբերյալ անորոշությունը հանգեցնում է ներտարածաշրջանային առեւտրային եւ ֆինանսական հոսքերի, ինչպես նաեւ տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի խափանման ծավալի անորոշության,- ասվում է հաղորդագրության մեջ,- Սակայն արդեն հայտարարված պատժամիջոցների խստությունը անխուսափելի է դարձնում Ռուսաստանի տնտեսության փլուզումը 2022-ին, ինչը առեւտրի, դրամական փոխանցումների եւ զբոսաշրջության խողովակներով ճնշում կգործադրի ԱՊՀ+-ի վրա»:

Առանց հաշվի առնելու Ռուսաստանը, Բելառուսը եւ Ուկրաինան՝ Fitch-ը ռազմական հակամարտության սկզբից վարկանշային գործողություններ չի ձեռնարկել ԱՊՀ+-ի մյուս երկրների նկատմամբ։ Փոխարժեքի ճկունությունը ամորտիզատոր է նրանց մեծ մասի համար, սակայն փոխարժեքների նվազումը խորացնում է ինֆլյացիան (սննդամթերքի թանկացման պատճառով) եւ պետական պարտքի ընդհանուր բարձր արտարժույթի բաղադրիչի ու փոխանցումների դոլարիզացիայի ազդեցությունը, ասում են վերլուծաբանները: Բելառուսի սահմաններից դուրս արտաքին ֆինանսավորման կարճաժամկետ ռիսկերը մեղմանում են արտաքին մեծ պահուստների (Ղազախստան, Թուրքմենստան, Ադրբեջան եւ Ուզբեկստան) եւ բազմակողմ աջակցության (Վրաստան եւ Հայաստան) հաշվին:

Էներգետիկ ընկերությունները եւ ոսկի արտադրողները պետք է շահեն առավել բարձր գներից, սակայն Ղազախստանը շատ է կախված ռուսական ենթակառուցվածքից, իսկ Թուրքմենստանի արտահանման արտադրանքը վաճառվում է երկարաժամկետ պայմանագրերով:

Standard & Poor's Global Ratings միջազգային վարկանշային գործակալությունը 2022թ․ Ռուսաստանի իրական ՀՆԱ-ի անկում է կանխատեսում՝ 6,2 %-ով։ Նախկինում փորձագետները 2,7 տոկոս աճ էին կարծում։

«Նույնիսկ եթե ենթադրենք, որ պատժամիջոցները կխնայեն ռուսական հումքի արտահանումը, մենք ակնկալում ենք, որ արտահանման ընդհանուր ծավալն այս տարի կնվազի,- ասվում է հաղորդագրության մեջ,- Արժույթի զգալի արժեզրկումը երկրի ներսում գներին փոխարկելը ինֆլյացիայի կհանգեցնի, որն այս տարի, մեր կանխատեսումներով, միջինը 13,5 % կկազմի»։

Ինչպես ակնկալում է S&P GR-ը, հաջորդ տարի Ռուսաստանի տնտեսական աճը կկազմի 0,3 %, 2024-ին՝ 0,9 %։ Նախկինում առաջիկա երկու տարիների համար 2 %վերելք էր կանխատեսվում։

Սպառողական գների աճի տեմպերը 2023-ին կդանդաղեն մինչեւ 7,3 %, կարծում են գործակալության վերլուծաբանները։

Համաշխարհային տնտեսությունն այս տարի կաճի 3,4 տոկոսով, ոչ թե 4,1 %-ով, ինչպես նախկինում ակնկալվում էր, ասվում է զեկույցում։ Հաջորդ տարվա կանխատեսումը 3,3 %-ից վերանայվել է մինչեւ 3,2 %։ Ընդ որում, 2024-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 3,1%, այլ ոչ թե 3%, ինչպես նախկինում ենթադրվում էր։